Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխություններն ավելի լայն տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորություններ են ստեղծում՝ նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում իր ելույթում ընդգծելով տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները՝ փոխադարձության, իրավահավասարության, ինքնիշխանության և ազգային իրավազորությունների սկզբունքների հիման վրա:
«Այս առումով, գնահատանքս եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահին` Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու, ինչպես նաև երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու որոշման համար։ Սա տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու առաջին նշանակալի նվաճումներից մեկն է», - ՀՀ կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը:
«Մենք ներկայումս մշակում ենք եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացման ուղենիշները՝ հենվելով ձեռք բերված արդյունքների վրա։ Եվ այս փուլում կարևոր է ապահովել հստակ տարանջատում վերազգային մեխանիզմների կիրառման ոլորտների և այն բնագավառների միջև, որտեղ ազգային իրավազորություններն ու ինքնիշխան որոշումները պահպանում են առաջնահերթությունը, ինչը կապահովի ինտեգրացիոն գործընթացների կայունությունը», - նշել է Հայաստանի վարչապետը:
«Այս տարին հատկապես նշանակալից էր ԵԱՏՄ-ի միջազգային համագործակցության առումով։ Ընդլայնվում է փոխգործակցությունը հիմնական գործընկերների՝ Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ, միաժամանակ բացվում են նոր շուկաներ, ինչն էլ նպաստում է արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացիային և ամրապնդում ԵԱՏՄ-ի դիրքերը համաշխարհային տնտեսությունում։ Այս համատեքստում, իհարկե, ողջունում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը», - ասել է Փաշինյանը:
«Ներքին շուկայի անխափան գործունեության ապահովումն ինտեգրման առաջնահերթ նպատակներից մեկն է։ Սա ենթադրում է խոչընդոտների հետևողական վերացում, կարգավորչական ընթացակարգերի թվայնացում և պարզեցում, ինչպես նաև տնտեսական գործընթացի բոլոր մասնակիցների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծում։
Վերջին տարիներին ծառայությունների ոլորտի կարևորությունը մեր տնտեսություններում կայուն աճում է։ Այս ոլորտը ձևավորում է ՀՆԱ-ի և զբաղվածության զգալի մասը։
Միասնական ծառայությունների շուկայի գործունեությունը բարելավում է մատակարարների որակը և մրցունակությունը, պարզեցնում ընթացակարգերը և ստեղծում ավելի բարենպաստ միջավայր բիզնեսի համար։
Կարծում ենք, որ այս ուղղության զարգացումը պետք է լինի ավելի դինամիկ, քանի որ այն անմիջականորեն ազդում է ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական աճի վրա», - հայտարարել է վարչապետը:
«Կայուն զարգացումն այսօր անհնար է առանց թվային տեխնոլոգիաների ներդրման, որոնք ամուր հիմք են ձևավորում, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի համար։
Այս տարի կոնսենսուս է ձևավորվել էլեկտրոնային առևտրի կարգավորման առանցքային հարցերի շուրջ: Համաձայնեցված որոշումները հիմք են ստեղծում միասնականացված, բայց միևնույն ժամանակ ճկուն մոտեցման համար, և արդեն իսկ ներդրվում են մի շարք մեխանիզմներ՝ ստեղծելով կանխատեսելի պայմաններ շուկայի մասնակիցների համար։
Այս համատեքստում, այս տարի ինտեգրման առանցքային գործնական ուղղություններից մեկն ապրանքների տեղաշարժի թափանցիկության և հետագծելիության բարձրացումն էր։
Դրոշմավորման համակարգերի զարգացումը՝ անդամ պետությունների հարկաբյուջետային համակարգերի անհրաժեշտ թվային ինտեգրման հետ միասին, նպաստում է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը և ստվերային շրջանառության նվազեցմանը։
Այս միջոցառումներն ուղղած են բարեխիղճ մրցակցության ապահովմանը և ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանությանը՝ միաժամանակ նվազեցնելով բիզնեսի վարչարարական բեռը», - ընդգծել է Հայաստանի վարչապետը:
«Վերջում թույլ տվեք ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը՝ ի նպաստ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության և կայուն զարգացման», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորմանը, ԵԱՏՄ գալիք տարվա բյուջեին, երրորդ երկրների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Հաստատվել է Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում: